Հաշվի առնելով այն ջերմ արձգանքը, որին արժանացավ մեր հայրենակցուհի Նազենի Հովհաննիսյանի մասին ֆոտոշարքը, որոշեցի շարունակել հայրենական «արտադրության» աստղերին անդրադառնալու դրական փորձս ու այս անգամ Ձեզ եմ ներկայացնում թերևս ամենաանկաշկան հայ աստղերից մեկին, որը ի սկզբանե հայտնեց ուշադրության կենտրոնում իր բավականին համարձակ ոճի ու տեսահոլովակների շնորհիվ։ Ձեզ եմ ներկայացնում երգչուհի Ռիփփի անկեղծ հարցազրույցն ու կրքոտ ֆոտոշարքը.
«Ապրել առանց սեքսի նշանակում է ընդհանրապես չապրել»
Հարց. Մեր օրերում երիտասարդությունը, կարծես, առավել ձերբազատված է, ավելի ազատ է իր հայացքներում ու վարքագծում: Արդյո՞ք արդեն կարելի է խոսել Հայաստանում ազատ սեքսի կամ սեքսի ազատության մասին, թե՞ դեռ վաղ է:
Պատասխան. Որքան էլ զարմանալի թվա, բայց գտնում եմ, որ այո: Այսօր արդեն կա երիտասարդության մի ստվար զանգված, որն այս հարցում բացարձակ ազատ է, չունի բարդույթներ, միաժամանակ կիրթ է և ինտելիգենտ: Այս երիտասարդները չեն վախենում խոսել սիրո ու սեքսի մասին, քանզի ընդունում են, որ դա է բնականը, և չխոսել ու, մանավանդ, չապրել այդ կյանքով, նշանակում է ընդհանրապես չապրել: Ի հակադրություն նրանց, կան նաև այնպիսիները, որոնք բարձրաձայն չեն խոսել ու երբեք էլ չեն խոսի այս թեմայով, չնայած գուցե և մյուսներից շատ են ցանկանում սեքսով զբաղվել: Ինչ արած, դա յուրաքանչյուրի ընտրությունն է. չի ուզում, ինքը գիտի:
Հ. Ավանդապաշտությունը դեռ որքանո՞վ է ամուր հայ երիտասարդության մեջ:
Պ. Ավանդույթները’ մանավանդ հայկական, շատ գեղեցիկ են, բայց դրանցից կառչելն ու դրանց պահպանումը կյանքի նպատակ դարձնելը ճիշտ չէ: Չկա ավելի լավ սինթեզ, քան հինը պահպանելով՝ նորը յուրացնելը: Կյանքն առաջ է ընթանում: Կյանքի գնացքից ուշանալն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Գաղտնիք չեմ բացի, եթե նշեմ, որ հայերի ավանդապաշտությունը մեծ մասամբ կեղծ է: Ավանդույթներին առերևույթ տուրք տալը մեզանում մի յուրահատուկ պաշտպանական մեխանիզմի է վերածվել, որը կիրառում են նրանք, ովքեր խիստ խոցելի են հասարակական կարծիքի նկատմամբ:
Հ. Ձեր կարծիքով’ Հայաստանում սեքսի պակաս կա՞:
Պ. Միանշանակ այո′: Կարծում եմ, այս բացը լրացնելու համար ժամանակ է հարկավոր: Ավանդաբար ընդունված է, որ հայ տղաները’ անկախ տեղից ու պայմաններից, պատրաստ են սեքսի: Թվում է, զուգընկերուհու նույնիսկ աննշան համաձայնության պարագայում սեռական ակտը տեղի կունենա: Բայց արի ու տես, սա շատ քիչ է համապատախանում իրականությանը: Հայ տղաները, որքան էլ փորձում են թաքցնել, շատ են վախենում աղջիկներից, և սեփական վախը վերագրում են աղջիկների’ իրենց չափից շատ անմատչելի ձևացնելուն:
Հ. Ինչպե՞ս եք վերաբերում մինչամուսնական սեքսի գաղափարին: Այս առումով, տարբերություն պե՞տք է լինի երիտասարդ աղջկա և երիտասարդ տղայի վարքագծում, թե՞ կանոնները նույնն են երկուսի համար էլ:
Պ. Մինչամուսնական սեքսը ոչ միայն ցանկալի է, այլև պարզապես անհրաժեշտություն է: Հենց սրա բացակայության պատճառով է, որ շատ զույգեր ամուսնական կյանքում երջանիկ չեն: Հաճախ է պատահում, որ զույգերի կյանքում ամեն ինչ լավ է, իսկ անկողնում’ ոչ: Սա այն հարցը չէ, որ սպասես վիճակահանությանը: Ամեն ինչ մինչ առաջին ամուսնական գիշերը պետք է պարզել:
Հ. Սիրո և սեքսի հարցերում սեռերը կարո՞ղ են հավասարապես նախաձեռնող լինել, թե՞ նախաձեռնողն, այնուամենայնիվ, պետք է տղամարդը լինի:
Պ. Ինքս ավանդապաշտ չեմ, բայց գտնում եմ, որ նախաձեռնողն, այնուամենայնիվ, տղամարդը պետք է լինի: Ցանկացած հարաբերության մեջ սիրում եմ տեսնել գեղեցիկը: Այս պարագայում շատ գեղեցիկ է նայվում տղամարդը ջենթլմենի դերում:
Հ. Ո՞ր տարիքում է հայ տղան կամ աղջիկը հասունանում սեքսի համար:
Պ. Սա մեծապես կախված է մարդու մտածելակերպից, շրջապատից, դաստիարակությունից: Շատերին եմ ճանաչում, որ 14 — 15 տարեկանից արդեն սեռական կյանքով են ապրում, բայց կան նաև նրանք, ովքեր 30-ն անց են, սակայն վախենում են անգամ խոսել դրա մասին: Եթե սիրում ես մեկին ու ցանկանում ես նրա հետ լինել, տարիքը նշանակություն չունի: Ես առաջին սեքսը 18 տարեկանում եմ ունեցել ու չեմ զղջում դրա համար, որովհետև սիրում էի զուգընկերոջս: Առհասարակ, սեքսով զբաղվում եմ միայն նրանց հետ, ում սիրում եմ, կամ սիրահարված եմ:
Հ. Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը, ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր տղամարդը:
Պ. Տղամարդու իդեալ չունեմ: Միայն կարող եմ ասել, որ տղամարդու ապահովվածությունն ու հասարակական դիրքն ինձ համար բացարձակապես կարևոր չեն: Ինձ բավարարում են տղամարդու առնականությունն ու ջենթլմենությունը: Չնայած տարաբնույթ կարծիքներին’ այսօր ես կապ չունեմ և ոչ մի ապահովված տղամարդու հետ:
Հ. Ձեր սեքսուալությունը որքանո՞վ օգնեց մտնել շոու-բիզնես:
Պ. Իմ’ մուտքը շոու-բիզնես հիմնականում սեքսուալությամբ էր պայմանավորված: Սկզբնական շրջանում շեշտը հենց դրա վրա էի դնում: Ցավոք, բացի մեծաքանակ լսարանի ապահովումից, այն իր բացասական կողմերն էլ ունեցավ: Մարդիկ նայում են միայն իմ արտաքին տեսքին. բաց հագուստս չի թողնում նրանց կենտրոնանալ դերասանական խաղիս կամ վոկալիս վրա: Շատերն ինձ չեն սիրում դրա համար, ասում են, իբր, վուլգար եմ: Իրականում ես պոռնոարվեստը չէ, որ ձգտում եմ զարգացնել: Այն, ինչ անում եմ’ գեղեցիկ է, էրոտիկ:
Թողնել մեկնաբանություն
Comments 0